Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Ես չեմ ուզում, որ ինձ ղեկավարեն մականունավորները»

«Ես չեմ ուզում, որ ինձ ղեկավարեն մականունավորները»
11.03.2013 | 16:02

Ազատության հրապարակում էր գտնվում և Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին էր հետևում 2000-ի ընդդիմադիր շարժումը գլխավորած ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով irates.am-ին ներկայացավ որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ:
-Պարոն Վարդանյան, հերթական անգամ ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ընդդիմության թեկնածուն չի ընդունում պաշտոնական արդյունքները և դիմել է ծայրահեղ քայլի` հացադուլի: Ըստ Ձեզ` ի՞նչ զարգացումներ կարող են հետևել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլին:
-Հացադուլը, որպես քաղաքական պայքարի գործիք, բավականին ազդեցիկ է: Այս իրավիճակում դա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ամենաճիշտ և հստակ քայլերից է: Ես կարծում եմ, որ այդ հացադուլի հետևանքները արձագանք կգտնեն ամբողջ աշխարհում, և ոչ լեգիտիմ նախագահ Սերժ Սարգսյանի վրա ճնշումներն ավելի ու ավելի կմեծանան: Ես կարծում եմ նաև, որ մեր ազգի բարոյահոգեբանական վիճակն այսօր այնպիսին է, որ նա թույլ չի տա այս համակարգի շարունակությունը: Նման ձևով ապրելը ոչ միայն հնարավոր չէ, այլև ամոթալի է, մեր ազգին ոչ վայել: Ուղղակի խայտառակություն է մեզ համար Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, մականունավոր տարբեր գործիչներին` որպես մեր երկրի ղեկավարներ հանդուրժելը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի, հայ մարդ այս իրողությունը խորապես գիտակցել է և լի է այս խայտառակությանը վերջ տալու գիտակցությամբ: Ես համամիտ եմ Վարդան Պետրոսյանի այն մտքին, որ մեր հոգիներում և սրտերում կայացել է Հաղթանակը: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը ոչ թե շարժման մասնակից է, այլ` արժանապատվություն ունեցող հայ մարդ:
-Բայց ընտրություններից առաջ ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանն էլ հացադուլ հայտարարեց, ընդ որում` շատ ավելի արմատական կարգախոսով` «Վերջ շինծու ընտրություններին»...
-Ես ողջունում եմ Անդրիաս Ղուկասյանին: Ես հերոսական չեմ համարում նրա քայլը, բայց այն շատ անհրաժեշտ ու տեղին էր: Հացադուլի առաջին իսկ օրից նա «ոչ» ասաց նախապես կեղծված ընտրություններին: Մեր պետական մարմինները հայտարարեցին, որ ընտրություններին մասնակցելու են երկու միլիոն հինգ հարյուր հազար քաղաքացիներ, բայց դա կեղծիք է: Այսօր Հայաստանում այդքան ընտրող չկա:
-Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է «Բարև»-ի հեղափոխություն և գործողությունների, քայլերի հաջորդականություն, սակայն որոշակի ծրագիր չի ներկայացրել:
-Այս նոր քաղաքական մշակույթը մեզ անսովոր է թվում: Մենք սովորել ենք խուլիգանության, ջեբկիրության, քաղաքական մարմնավաճառության: Մենք օտարվել ենք քաղաքակիրթ քաղաքականությունից, սկզբունքներից:
-Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նրա արտաքին քաղաքական ծրագիրը արդյո՞ք հղի չէ վտանգներով մեր պետության համար:
-Ոչ մի վտանգ էլ չեմ տեսնում: 1974 թվին Թուրքիան հինգ հազարանոց զորքով մտավ անկախ Կիպրոսի տարածք և մինչև այսօր այդ տարածքը պահում է օկուպացված վիճակում: Եվ ի՞նչ պատահեց. թուրքերին մորթեցի՞ն, կախաղան հանեցի՞ն: Իսկ մենք, մինչև հիմա գիտակցելով, որ ԼՂ-ն Հայաստանի մի մասնիկն է, չենք կարողացել ճանաչել տալ այն:
-Բայց մենք չենք կարող համեմատվել Թուրքիայի հետ:
-Մենք ոչ մեկի հետ էլ չպետք է համեմատվենք: Մենք հայ ենք, ունենք մեր պատմությունը, մեր գաղափարախոսությունը և մեր սկզբունքները:
-Բայց քաղաքականությունը պրագմատիզմի վրա է, չէ՞, հենվում:
-Այո: Եվ դրա համար մենք չպետք է մոռանանք, որ ինչպես պատմական, այնպես էլ իրավական բոլոր իրավունքներն ունենք Ղարաբաղի նկատմամբ: 1918-ին, երբ առաջին անգամ հռչակվեց, այսպես կոչված, Ադրբեջանական հանրապետությունը, չկար Ղարաբաղ:
-Հիմա Դուք հավատո՞ւմ եք, որ մեկամսյա հացադուլի միջոցով կարելի է հասնել բաղձալի իշխանափոխությանը:
-Գիտե՞ք, թե ես ինչին եմ հավատում: Ես հավատում եմ, որ հայ եմ: Իսկ դա նշանակում է, որ ես պետք է լինեմ ճշմարիտ, արդարացի, բարձր սկզբունքներով առաջնորդվող մարդ: Ես չեմ ուզում, որ իմ ղեկավարները լինեն մականունավորները, չեմ ուզում, որ ինչ-որ մի փողոցային խուժան լրագրողին ասի` չանեդ կպոկեմ: Դա ինձ համար վիրավորանք է: Եվ ես չեմ ուզում, որ այդ տեսակ մարդը իր «Բենթլի»-ով մտնի Ազգային ժողովի տարածք: Այդ տեսակը մտածում է, որ ինքը «ճիշտ տղա» է, բայց եթե ինքը «ճիշտ տղա» լիներ, Վարդան Օսկանյանին «մենթերին» չէր հանձնի: Ցանկացած մարդու, ով էլ լինի, «մենթերին» հանձնելը «զապադլո» է: Ես իրենց լեզվով եմ ասում:
-Բայց Վարդան Օսկանյանը արդարացնում էր Մարտի 1-ին իշխանության գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպե՞ս կարելի է դա մոռանալ:
-Վարդան Օսկանյանն իմ աչքի լույսը չէ, ես փաստի մասին եմ խոսում: «Ճիշտ տղեն» իրավունք չունի մարդուն հանձնելու «օրգաններին»: Ինքը հանձնել ա, ձեռք ա բարձրացրել:
Մենք իրավունք չունենք հետ կանգնելու: Մենք 1996-ին հետ կանգնեցինք, 2000-ին հետ կանգնեցինք, 2003-ին հետ կանգնեցինք, 2008-ին նորից հետ կանգնեցինք, բայց այսօր արդեն 2013 թիվն է: Թող թողնեն, որ ժողովուրդն իր արդար քրտինքով կարողանա ապրել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ